Հարց-պատասխան

Հարց. Ի՞նչ է ավտոմոբիլային ճանապարհը:

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` ավտոմոբիլային ճանապարհը համալիր ինժեներական կառույց է, որը նախատեսված է ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության համար:

Հարց. Ի՞նչ է երթևեկության գոտին:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` երթևեկության գոտին  երթևեկելի մասի գծանշված կամ չգծանշված երկայնական գոտին է, որի լայնությունը  բավարար է տրանսպորտային միջոցների մեկ շարքով երթևեկության համար:

Հարց.  Ի՞նչ է ճանապարհային կահավորանքը:

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` ճանապարհային կահավորանքը ավտոմոբիլային ճանապարհի երթևեկության անվտանգությունն ապահովող տարրերի համակարգ է: Դրանք են ճանապարհային նշանները, լուսացույցները, ազդանշանային սյուները, պարսպող հարմարանքները, հորիզոնական և ուղղաձիգ գծանշումները և այլն:

Հարց. Ի՞նչ է բնակավայրը:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի  2-րդ հոդվածի համաձայն` բնակավայրը  կառուցապատ տարածք է, որի մուտքն ու ելքը նշված են բնակավայրի ճանապարհային նշաններով:

Հարց. Ի՞նչպես են դասակարգվում Հայաստանի Հանրապետության ճանապարհները:

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի  3-րդ հոդվածի համաձայն` 1. Հայաստանի Հանրապետության ճանապարհները` ըստ օգտագործման տեսակի, դասակարգվում են`

ա) ընդհանուր օգտագործման ճանապարհներ.

բ) ոչ ընդհանուր օգտագործման ճանապարհներ:

2. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհները դասակարգվում են`

ա) ավտոմոբիլային ճանապարհներ.

բ) բնակավայրերի (համայնքների) փողոցների ճանապարհներ:

3. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները` ըստ սեփականության ձևի, դասակարգվում են`

ա) պետական ավտոմոբիլային ճանապարհներ.

բ) ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներ:

4. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները` ըստ նշանակության, դասակարգվում են`

ա) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ).

բ) հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ).

գ) մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ):

5. Բնակավայրերի (համայնքների) փողոցները (ճանապարհները)` ըստ նշանակության, դասակարգվում են`

ա) Երևանի քաղաքային նշանակության ճանապարհներ (բացառությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների).

բ) քաղաքային նշանակության ճանապարհներ (բացառությամբ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների).

գ) գյուղական նշանակության ճանապարհներ (բացառությամբ գյուղական համայնքի միջով անցնող միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների):

Հարց. Ի՞նչ է կողնակը:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` կողնակը տրանuպորտային միջոցի կանգառի, հեծանվորդի և հետիոտնի երթևեկության, ճանապարհի վերանորոգման ժամանակ շինանյութերի տեղադրման կամ oրենuդրությամբ uահմանված այլ դեպքերի համար նախատեuված, երթևեկելի մասին հարող, դրանից ծածկույթի տեսակով տարբերվող կամ համապատասխան գծանշումով առանձնացված ճանապարհի տարր է:

Հարց. Ինչ է ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի  2-րդ հոդվածի համաձայն` ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները ճանապարհային նշաններն, լուսացույցներն, պաշտպանիչներն, գծանշումներն են և այլն:

Հարց. Ո՞ր ճանապարհները նաև կարող են լինել միջպետական և հանրապետական նշանակության:

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի  3-րդ հոդվածի համաձայն` միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ կարող են լինել նաև խոշոր բնակավայրերի, օդանավակայանների, պատմական հուշարձանների, լեռնանցքների մոտեցումներն ու շրջանցները, ինչպես նաև տրանսպորտային հանգույցները, որոնք չունեն առանձին պայմանանիշ ու համար և նշվում են անվանացանկում հիմնական ճանապարհներից հետո` հանդիսանալով այդ ճանապարհի մասեր:

Հարց. Ի՞նչ է բաժանարար գոտին:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` բաժանարար գոտին ճանապարհի հարակից երթևեկելի մասերը բաժանող, կառուցվածքորեն և (կամ) համապատասխան գծանշումով առանձնացված տարր է, որը նախատեսված չէ տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության կամ կանգառի համար:

Հարց. Գոյություն ունի՞ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու վարձ և եթե այո, ապա ով է այն սահմանում:

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելն անվճար է: Ծանրաքարշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության համար օրենքով սահմանվում է վճար:

Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար օրենքով սահմանվում է վճար:

Ընդհանուր օգտագործման ոչ պետական և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության վարձաչափը և վարձաչափի հաշվարկման ու վճարման կարգը սահմանում է դրա սեփականատերը:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների
տնօրինություն» ՊՈԱԿ