Հայտնի դեպքերից հետո փակվել է Բերդ — Վազաշեն — Իջևան մայրուղու Վազաշեն — Պառավաքար ճանապարհահատվածը և անհրաժեշտություն է առաջացել Հ-37, Մ-4 — Այգեհովիտ — Վազաշեն — Պառավաքար — Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վազաշեն- Պառավաքար վտանգավոր հատվածում կառուցել շրջանցիկ ավտոճանապարհ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից արդեն պատվիրվել, և «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊ ընկերության կողմից կատարվել են նախատեսվող շրջանցիկ ավտոճանապարհի նախագծման աշխատանքները, որոնցում ներառված են նաև տեղանքի երկրաբանական հետազոտություններ:
Շրջանցիկ ճանապարհը 3.8 կմ երկարությամբ է և անցնում է անտառով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության առաջարկով շինարարական աշխատանքներն իրականացնում է «Իջևան ՃՇՇ» ՓԲ ընկերությունը:
Նախարարությունը «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊ ընկերությանն առաջարկել է տեղում կատարել ուսումնասիրություններ և ներկայացնել առաջարկություններ՝ Հ-36, Մ-4 — Իջևան — Նավուր — Բերդ — Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վերին Ծաղկավան — Իծաքար — Գանձաքար ճանապարհահատվածի վերակառուցման համար:
Աշխատանքների մեկնարկն արդեն տրված է։
Ճանապարհահատվածը սպասարկող «Տավուշի ՃՇՇ» և «Իջևանի ՃՇՇ» ՓԲ ընկերությունների կողմից կատարվել և կատարվում են որոշ շրջադարձերի լայնացման և թափվածքների մաքրման աշխատանքներ:
Իջևան — Գանձաքար – Իծաքար – Նավուր — Բերդ ճանապարհահատվածի Գանձաքարի տեղամասում ճանապարհի ամբողջ երկայնքով այս պահին կատարվում են խճապատման նախապատրաստական աշխատանքներ։
Նշված հատվածում ձյան առատ տեղումների հետևանքով «Տավուշի ՃՇՇ»-ն զուգահեռ զբաղված է նաև ձյան մաքրման աշխատանքներով և ճանապարհը անցանելի դարձնելով:
Ըստ նախանշված ժամկետների՝ ճանապարհի վերակառուցումը կավարտվի 1-1,5 ամսվա ընթացքում։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն