Վազաշեն-Պառավաքար նորակառույց շրջանցիկ ճանապարհն արդեն գործում է (Տեսանյութ)

By | 06.07.2015 10:00

Տավուշի մարզի Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար համայնքներն իրար կապող նորակառույց շրջանցիկ ճանապարհն արդեն գործում է։ Այն անվտանգ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

2

 

Միջպետական ճանապարհի Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածը շրջանցելու և ազգաբնակչության համար անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2014թ. փետրվարի 6-ի N 140-Ն որոշմամբ նախատեսվել էր կառուցել շրջանցիկ ճանապարհ:

3

 

Նախագիծը կազմել է «Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊ ընկերությունը՝ շինարարական աշխատանքների 612,8 մլն դրամ նախահաշվային արժեքով:

4

 

2014թ. փետրվարի 27-ին «Իջևանի ՃՇՇ» ՓԲ ընկերության հետ կնքվել է 519 759 908 ՀՀ դրամ արժեքով կապալի պայմանագիր: Ըստ պայմանագրի՝ կապալառուն աշխատանքները պետք է ավարտեր 2014թ. հունիսի 30-ին: Սակայն «Իջևանի ՃՇՇ» ՓԲ ընկերության հետ կնքված կապալի պայմանագիրը՝ աշխատանքների կատարման համար սահմանված ժամկետի խախտման հիմքով, պատվիրատուի կողմից 2014թ. օգոստոսի 14-ին միակողմանի չեղյալ է համարվել:

2014 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված նոր պայմանագրի համաձայն աշխատանքներն իրականացրել է «Խաչհար» ՍՊ ընկերությունը։

5

 

Կապալի պայմանագրի արժեքը կազմել է 356 341 937 ՀՀ դրամ: Ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկել է պայմանագրի կնքման առաջին իսկ օրվանից։ Այն նախատեսվում էր ավարտել 2014 թվականի հոկտեմբերի 30-ին։ Սակայն, եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունը, տեղումների առատությունը թույլ չտվեցին աշխատանքներն ամբողջությամբ ավարտել սահմանված ժամկետում, քանի որ թաց հիմքի վրա հնարավոր չէր որակյալ ասֆալտապատում իրականացնել: Այդ պատճառով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից որոշում կայացվեց ժամանակավորապես դադարեցնել ճանապարհի կառուցման աշխատանքները:

6

 

«Խաչհար» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը երկարաձգվեց մինչև 2015 թվականի հուլիսի վերջը: Կապալառու ընկերությունը պարտավորվեց աշխատանքներն ավարտել 2014 թվականին կնքված պայմանագրի գումարի շրջանակներում:

7

 

Կառուցված ճանապարհին կատարվել են հողային աշխատանքներ, տեղադրվել է ավազակոպճային հիմք, որի վրայից փռվել է ասֆալտբետոնե ծածկ: Կառուցված ճանապարհի համար կիրառված նախագծային լուծումները ապահովում են ճանապարհահատվածի լիարժեք անվտանգությունը:

8

 

Մասնավորապես, ճանապարհամերձ մի հատվածում, որը տեսանելի է ադրբեջանական դիրքերից, կառուցվել է անվտանգ երթևեկության համար պաշտպանիչ վահանի դեր կատարող պատ՝ 150մ երկարությամբ և 5,5մ բարձրությամբ: Կառուցված 6 ոլորանները, որոնց լայնությունը 10-12մ է, հարմարավետ են դարձնում ճանապարհով գնացող-եկող մեծ բեռնատարների շարժը:

9

 

Այլընտրանքային ճանապարհահատվածն ունի 3,2 կմ երկարություն և 6-7 մետր լայնություն: Այն Վազաշեն-Պառավաքար հատվածում ճանապարհի երկարությունը կրճատում է մոտ երկու կիլոմետրով։

10

Ճանապարհի կառուցման աշխատանքների ողջ ընթացքը գտնվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անմիջական հսկողության ներքո:

 

«Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանի խոսքով՝ կիրառված նախագծային լուծումներն ապահովում են ճանապարհահատվածի անվտանգությունը, ճանապարհը հուսալի է, կառուցված է որակով։

11

 

Ճանապարհի կառուցման ընթացքում կիրառվել են նորարարական մոտեցումներ: Մասնավորապես՝ ճանապարհի ասֆալտը պատրաստվել է տեղում՝ իտալական սարքավորումներով ասֆալտի շարժական գործարանում, ինչի արդյունքում մի քանի անգամ արագացել է ասֆալտի փռման գործընթացը:

12

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը նշեց, որ անվտանգության նկատառումներով կառուցված պատի դիրքն ընտրվել է տևական ուսումնասիրությունների արդյունքում. «Հիմա ադրբեջանական դիրքերից դեպի ճանապարհ՝ տեսադաշտը փակ է»:

13

 

Ճանապարհով երթևեկող վարորդները գոհ են շինարարների աշխատանքից «Ճանպարհը շատ լավն է, որակով, կարևորը՝ անվտանգ է»,- ասում են նրանք։

14

 

Ճանապարհի կենսական կարևորությանն է անդրադառնում Վազաշեն համայնքի գյուղապետ Լորիկ Բադիրյանը.

15

 

«Այս ճանապարհը բավականին մեծ նշանակություն ունի մեզ համար, ժողովրդի հանգստության համար։ Մենք բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, երբ Ադրբեջանի կողմից դիպուկահարները վնասել են մեր բնակիչներին»,-ասում է նա:

Կառուցված ճանապարհի երաշխիքային ժամկետը 3 տարի է, որից հետո այն կհանձնվի պահպանության:

Մանրամասները՝ տեսանյութում

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն