Մեղրու լեռնանցքը հիմնանորոգվում է նորագույն տեխնոլոգիաներով (Տեսանյութ)

Տպել

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 338.1-342.4-րդ կմ հատվածում` Մեղրիի լեռնանցքում, ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: 

Ռազմավարական նշանակություն ունեցող այս ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկը մաշված էր, ճանապարհի քայքայված լինելու հետևանքով որոշ հատվածներում առաջացել էին լայնական և երկայնական ճաքեր, որոնք դժվարանցանելի էին դարձնում երթևեկությունը:

Մեղրու ճանապարհաշինական ընկերության շինարարներն արդեն կատարել են հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնման, պաշտպանիչ բետոնե պատի կառուցման, փոսային նորոգման, քայքայված ծածկի վերակառուցման աշխատանքներ:

2

Ճանապարհը հիմնանորոգվում է գեոգրիտե ծածկի միջոցով: Այն ասֆալտի թելերից պատրաստված օրգանական ցանց է, որը տեղադրվում է հարթեցնող շերտի տակ: Նորագույն այս տեխնոլոգիայի կիրառումը հնարավորություն է տալիս ճանապարհի վերին շերտը պաշտպանել վնասվածքներից, ճաքերից: Հարթեցնող շերտի վրա տեղադրվում է 5 սմ հաստությամբ մեկ շերտ ասֆալտբետոնե ծածկ, որից հետո արդեն կկատարվի ճանապարհի կահավորումը. կտեղադրվեն մետաղական արգելափակոցներ և համապատասխան ճանապարհային նշաններ, կկատարվի գծանշում:

3

Աշխատանքների կատարման ընթացքը և որակը գտնվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության վերահսկողության ներքո:

Աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Կապալի պայմանագրային արժեքը 472.070.098 ՀՀ դրամ է:

Աշխատանքները մեկնարկել են 2015 թվականի հունիսի 16-ին, ավարտը նախատեսված է նոյեմբերի 16-ին:

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն