Գագիկ Բեգլարյանը Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ծանոթացավ ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին (տեսանյութ)

Տպել

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը աշխատանքային այցով եղավ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, ծանոթացավ Հայաստանի հարավում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին:

Ճանապարհին նախարարը կանգ առավ «Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրով կառուցվող արագընթաց մայրուղու Երևան-Արտաշատ հատվածում, որտեղ ավարտվել են բետոնապատման աշխատանքները, և այժմ կառուցապատող ընկերությունն իրականացնում է ճանապարհի լուսավորության, կահավորման աշխատանքներ:

3

«Մենք այսօր որակից գոհ ենք, աշխատանքներն իրենց հունով շարունակվում են։ Մեր ժողովուրդը շատ անհանգստանում է, թե աշխատանքներ չեն կատարվում, բայց տեսնում եք, որ աշխատանքների մեծ մասն արդեն ավարտված է: Կահավորանքը, որն իրականում աշխատատար է, կավարտենք դեկտեմբերի վերջին։ Կարևորն այն է, որ այն աշխատանքներն են մնացել, ինչը եղանակը մեզ թույլ կտա, որ ավարտենք դեկտեմբերին»,- նշեց Գագիկ Բեգլարյանը:

4

Նախարարը «Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի 1-ին և 2-րդ տրանշները կառուցապատող իսպանական «Կորսան Կորվիամ» ընկերության պատասխանատուների հետ զրույցում անդրադարձավ հաճախ հնչող այն մտահոգությանը, թե այդ ճանապարհահատվածով երթևեկելիս՝ ճանապարհի կարերի պատճառով ձայն է լսվում։

5

«Կորսան Կորվիամ» ընկերության արտադրության պետ Լուիս Մարտինեսը լրագրողներին ասաց. «Բետոնի պատվածքն, ինչպես տեսնում եք, կտրած է և կարերի մեջ հատուկ նյութ է լցված։ Նպատակն այն է, որ ամառ-ձմեռ ջերմաստիճանի տատանման ժամանակ բետոնը չճաքի։ Իսկ ձայնը այդ կարերին մեքենաների անիվների հպումից է գալիս: Նման բանի կարող եք ականատես լինել օրինակ Գերմանիայում կամ եվրոպական որևէ այլ երկրում, որտեղ բետոնե ծածկույթով ճանապարհ կա»:

6

Ընկերության պատասխանատուի խոսքով՝ ճանապարհահատվածը լիարժեք շահագործման հանձնելուց հետո, երբ երթևեկության թույլատրելի արագությունը կլինի ժամում 110 կմ, ձայնն այլևս ոչ ոքի չի անհանգստացնի:

17

Գագիկ Բեգլարյանը Վայոց ձորի մարզում եղավ միջպետական մայրուղու այն հատվածում, որտեղ մայիսի 20-ին տեղի էր ունեցել խոշոր փլուզում, ինչի հետևանքով ճանապարհն անանցանելի էր: Փլուզված հատվածն արագ վերականգնել է Վայքի ճանապարհաշինական ընկերությունը:

7

Ընկերության աշխատակիցները նախարարին ներկայացրին, թե ինչպես են կարողացել կարճ ժամանակաընթացքում այդ աշխատանքն իրականացնել։
Նախ բարձրացրել են ճանապարհահատվածի անվտանգությունը՝ ներքևի հատվածում կառուցելով 37 գծամետր երկարությամբ բետոնե հենապատ: Տեղադրվել են ջրահեռացման նոր համակարգեր, արգելափակոցներ, ասֆալտապատվել է ամբողջ փլուզված ճանապարհահատվածը:

8

ՀՀ պետական բյուջեից ճանապարհի վերականգնման համար հատկացվել էր 99 մլն 900 հազար դրամ:

1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հաջորդ կանգառը Սյունիքի մարզում էր: Այստեղ ճանապարհի հիմնանորոգումն իրականացնող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերության պատասխանատուները նախարարին ներկայացրին Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով այս տարվա հունիսից մեկնարկած միջպետական ճանապարհից դեպի-Շաքի-Սիսիան-Տոլորս-Բնունիս-Տորունիք-Դաստակերտ հատվածի վերականգնման աշխատանքների ընթացքը: Շինհրապարակում ներկա էին նաև Սյունիքի մարզպետը և Սիսիանի քաղաքապետը:

9

17 հազար բնակչությամբ 7 բնակավայրեր Սյունիքի մարզում մինչև 2016 թվականի ավարտը կունենան ասֆալտապատ ճանապարհներ: 29 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է երկու հատվածով: Առաջինը՝ Գորիս գնացող միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի Շաքի համայնք և Սիսիան քաղաքի վերջնամասը ձգվող հատվածն է: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ օգոստոսի 20-ի դրությամբ 9.94 կմ ընդհանուր երկարությամբ հատվածից 7.2կմ-ն արդեն ասֆալտապատվել է, ինչը թույլ է տալիս ասելու, որ ճանապարհը շահագործման կհանձնեն նախանշված ժամկետից շուտ: Հիմնանորոգման աշխատանքների պայմանագրի արժեքը 1մլդ 271 մլն դրամ է:

10

Նախարարը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մարզում կատարվող ճանապարհաշինական աշխատանքներն աննախադեպ են ինչպես իրենց աշխարհագրությամբ, այնպես էլ կառուցման ծավալով, որակով ու կիրառվող տեխնոլոգիաներով:
Նախարարի խոսքով՝ համայնքների միջև կառուցվում են ավազակոպճային ճանապարհներ, քանի որ այնտեղով շատ տեխնիկա է անցնում, ինչը վնասում է ասֆալտը, իսկ համայնքների ներսում ճանապարհներն ասֆալտապատվում են. «Ավազակոպճայինի դեպքում վնասը շատ ավելի քիչ է լինում և ավելի հեշտ է վերականգնվում։ Այդպես մենք կարողանում ենք ավելի շատ գումարներ տնտեսել՝ համայնքների տարածքում ասֆալտապատում կատարելու համար։ Այսինքն՝ համայնքի ներսում կլինի ասֆալտ, համայնքից համայնք՝ ավազակոպճային ճանապարհ»։

11

Աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացնող գերմանական «Կոկս կոնսալտ» ընկերության ներկայացուցիչը ևս նշեց, որ ավազակոպճային ճանապարհն ավելի նպատակահարմար է և կարող է ծառայել 10 և ավելի տարիներ:

12

Գագիկ Բեգլարյանը կանգ առավ նաև Սիսիան քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում, ծանոթացավ իրականացված աշխատանքների որակին: Այստեղ արդեն ավարտվել են ինչպես ասֆալտի տեղադրման, այնպես էլ ճանապարհամերձ եզրաքարերը նոր բազալտե քարերով փոխարինելու, մայթերի ասֆալտապատման աշխատանքները: Նախարարը բարձր գնահատեց հատկապես իրականացված ասֆալտի որակը:

Տոլորս համայնքում նախարարին դիմավորեցին բնակիչները։ Այս գյուղում վերջին անգամ ճանապարհը հիմնանորոգվել է խորհրդային տարիներին:
450 բնակիչ ունեցող Տոլորսը Սիսիանի ամենամեծ համայնք է:
Գագիկ Բեգլարյանը նշեց, որ բնակիչներն ամիսներ առաջ մարզպետի միջոցով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին էին դիմել խնդրանքով՝ գյուղի փողոցները ասֆալտապատելու համար:
«Ես այստեղ եմ գտնվում հանրապետության Նախագահի հանձնարարականով։ Հաշվի առնելով հանրապետության Նախագահի հանձնարարականը և գյուղի բնակչության խնդրանքը, գյուղի փողոցները անպայման կասֆալտապատվեն»:
Նախարարը գյուղացիների ուղեկցությամբ շրջեց հիմնանորոգվող ճանապարհահատվածով, ծանոթացավ կատարված աշխատանքներին:

13

Տոլորս համայնքով անցնող ճանապարհը շարունակվում է դեպի Բնունիս-Տորունիք-Դաստակերտ համայնքներ, որտեղ ևս այս տարվա հունիսից մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքներ: Այս ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 19 կմ է: Հիմնանորոգման նախագծով նախատեսվում է 14.32կմ երկարությամբ հատվածում իրականացնել ավազակոպճային ծածկ, իսկ 4.77 կմ ընդհանուր երկարությամբ հատվածներում՝ նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Այստեղ աշխատանքները համատեղ իրականացնում են «Զանգեզուրտրանսշին» և «Կամուրջշին» ընկերությունները: Հիմնանորոգման ընդհանուր արժեքը 1մլդ 208մլն դրամ է:

14

Հանրապետության տարբեր բնակավայրերում այս պահին շարունակվում են ճանապարհաշինական աշխատանքներ, որոնք իրականացվում են ինչպես ՀՀ պետական բյուջեի միջոցներով, այնպես էլ Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրի շրջանակներում տրամադրված 45 մլն դոլար վարկի շնորհիվ:

16

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից աշխատանքների արդյունավետ կազմակերպման արդյունքում՝ ծրագրի շրջանակներում նախատեսված 170 կմ-ի փոխարեն կհիմնանորոգվի 36 կմ-ով ավելի՝ 206 կմ ճանապարհ:

15

Ի դեպ, 2013-2014 թթ. հանրապետության 6 մարզերում շահագործման է հանձնվել 73 կմ ընդհանուր երկարությամբ հիմնանորոգված ճանապարհահատված: 2015թ. կնքվել է 15 կապալի պայմանագիր՝ 12 մլրդ 548 մլն դրամ ընդհանուր արժեքով, ինչի արդյունքում 2015-2016թթ. կհիմնանորոգվի 130կմ ճանապարհահատված: Սակայն, պատասխանատուների գնահատմամբ, մինչև այս տարվա ավարտը կիրականացվի նախատեսված աշխատանքների 80-90 տոկոսը:

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն