sitelogo

Օգոստոսի 2018

Գողթ-Գեղարդ ճանապարհահատվածը դեռևս վտանգավոր է

Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Գողթ-Գեղարդ հատվածում օգոստոսի 4-ին տեղի ունեցած փլուզման հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։

Մի քանի պայթեցումներից և հողային աշխատանքներից հետո դեռևս ամբողջովին վերացված չէ նոր փլուզման վտանգը։ Քարաթափմանը նպաստում են նաև տվյալ տեղամասում առկա սողանքային ակտիվ երևույթները։

Մասնագետների գնահատմամբ՝ ճանապարհի վրա կախված ժայռաբեկորը վնասազերծելու, հողային աշխատանքներն ավարտին հասցնելու և ճանապարհն ամբողջությամբ անվտանգ երթևեկելի դարձնելու համար ևս 7-10 օր ժամանակ կպահանջվի։ Այդ ժամանակահատվածում նշված ճանապարհահատվածը երթեկության համար վտանգավոր է։

Դժբախտ պատահարներից և անցանկալի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք զերծ մնալ այդ ճանապարհահատվածով երթևեկելուց։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարության

լրատվական ծառայություն

Գողթ-Գեղարդ ճանապարհահատվածում դեռևս կա փլուզման վտանգ. աշխատանքները շարունակվում են

Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ճանապարհի Գողթ-Գեղարդ հատվածում շարունակվում են օգոստոսի 4-ին տեղի ունեցած փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Ճանապարհահատվածը սպասարկող «Կոտայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների ջանքերի շնորհիվ՝ փլուզումից մի քանի ժամ անց արդեն ճանապարհը միակողմանի երթևեկելի էր։ Սակայն կար կրկնակի փլուզման վտանգ, ինչը կանխելու նպատակով մինչ օրս աշխատանքներ են տարվում։

Արհեստական քարաթափման նպատակով իրականացվել են պայթեցման աշխատանքներ, ինչի արդյունքում քարաթափվել է ժայռի միջին հատվածը։

Ճանապարհահատվածն ամբողջությամբ անվտանգ դարձնելու համար անհրաժեշտություն կա մաքրելու նաև ժայռի գագաթային մասում գտնվող ժայռաբեկորը, որի երկու կողմից մեծ ճաքեր են առաջացել և ամեն պահի մեծ է փլուզման վտանգը։

Այս պահին երեք տարբեր մասնագիտական խմբեր տեղում ուսումնասիրություններ են իրականացնում՝ խնդրին առավել արդյունավետ և անվտանգ լուծում տալու նպատակով։

Ժայռի դժվարամատչելի այդ հատվածի պայթեցումն իրականացնելու համար հարկավոր են հատուկ աշխատանքներ՝ անհրաժեշտ տեխնիկան ժայռաբեկորին մոտեցնելու, ապա՝ այն պայթեցման նախապատրաստելու համար։

Մասնագետների գնահատմամբ՝ աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու, ճանապարհն անվտանգ երթևեկելի դարձնելու համար ևս մի քանի օր կպահանջվի։

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարության

լրատվական ծառայություն

Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ճանապարհին տեղի է ունեցել փլուզում

Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ճանապարհի Գողթ-Գեղարդ հատվածում օգոստոսի 4-ին տեղի է ունեցել փլուզում։

Փլուզվել է ճանապարհահատվածի ձախ շեպի ժայռը։ 1000-1500 խմ փլուզված զանգվածն ամբողջությամբ փակել էր ճանապարհը։

Ճանապարհահատվածը սպասարկող «Կոտայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների իրականացրած աշխատանքների արդյունքում այս պահին ճանապարհը միակողմանի բացվել է, սակայն կա կրկնակի փլուզման վտանգ։

«Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանի հսկողությամբ տեղում աշխատանքներ են իրականացնում նաև կազմակերպության ինժեներները։ Կրկնակի փլուզման վտանգը նվազեցնելու համար նրանց կողմից իրականացվում են փլուզման ենթակա հատվածի պայթեցման նախապատրաստական աշխատանքներ։

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարության

լրատվական ծառայություն