sitelogo

Հոկտեմբերի 2018

Ջրագծի վթարի պատճառով զգալիորեն վնասվել է միջպետական ավտոճանապարհը

Վանաձոր — Ալավերդի — Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ավտոճանապարհի 26,620-րդ կմ-ում  հոկտեմբերի 28-ի երեկոյան տեղի ունեցած մայր ջրագծի վթարի պատճառով զգալի վնասվել է ճանապարհի հողային պաստառը, այդ թվում՝ պատվածքը, հարակից կամուրջը,  քանդվել է ճանապարհին կից գտնվող հենապատը, ինչի հետևանքով  միջպետական ճանապարհը որոշ ժամանակով փակվել էր։
Համապատասխան կազմակերպությունների կողմից ջրագծի վթարը վերացնելուց հետո ճանապարհի շինարարությունն իրականացնող «Ճանապարհ» կազմակերպության աշխատակիցները կատարել են ճանապարհի ժամանակավոր հետլիցք, որից հետո հնարավոր է եղել վերականգնել ավտոճանապարհի երթևեկությունը։Վթարի հետևանքները գնահատելու և  դրանք վերացնելու համար  կատարվում է մասնագիտական ուսումնասիրություն:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Հաղարծին-Հովք ճանապարհահատվածի նորոգման ընթացքում արձանագրված շեղումները շտկվել են

Դիլիջան-Իջևան միջպետական նշանակության (Մ-4) ավտոճանապարհի Հաղարծին-Հովք 7,4 կմ հատվածի նորոգման աշխատանքների ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից արձանագրվել են շեղումներ։ Այդ մասին ահազանգել են նաև համայնքի բնակիչները։Վերականգնվող ճանապարհահատվածի մոտ 1700 քմ ասֆալտապատումը չի համապատասխանել սահմանված որակական չափանիշներին։  Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նորոգման աշխատանքներն իրականացնող ընկերությունը պարտավորվել է շտկել թերությունները։ Արդյունքում շինարարները նոր, 5սմ հաստությամբ ասֆալտապատում են կատարել, պարտավորվել, որ ճանապարհի նորոգման հետագա ընթացքում այլևս նման խնդիրներ չեն լինի։

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարության

լրատվական ծառայություն

Հակոբ Արշակյանը շրջայց է կատարել վերանորոգվող ճանապարհահատվածներում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է հանրապետության մի քանի ճանապարհահատվածներ, որտեղ իրականացվում են կամ արդեն ավարտվել են ճանապարհաշինական աշխատանքներ։Այցի սկզբնակետը (Մ4) Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ճանապարհի հատվածներն էին, որտեղ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Շինարարության արդյունավետ և անվտանգ իրականացման նպատակով ճանապարհը հատվածաբար միակողմանի փակ է։Հակոբ Արշակյանը վերանորոգումն իրականացնող ընկերության ղեկավարների և մասնագետների հետ քննարկեց անվտանգության նշաններով պատշաճ կահավորման հարցը` վթարներից խուսափելու և հնարավորինս հարմարավետ դարձնելու համար շինարարության շրջանցումը։ Նա հանձնարարեց խստորեն հետևել նաև լուսավորության ապահովմանը, լուսային ազդանշաններով կահավորմանը, որպեսզի վարորդները բավականաչափ հեռավորությունից նկատեն շինարարությունը և ժամանակին արգելակեն։ Նախարարի պաշտոնակատարը հատուկ ընդգծեց նաև որակի չափանիշների պահպանման կարևորությունը շինարարական աշխատանքի ողջ ընթացքում։Ճանապարհի հարակից համայնքներից մեկի ղեկավարը դիմեց նոր շրջադարձի կառուցման հարցով, ինչին ի պատասխան՝ նախարարի տեղակալի պաշտոնակատար Բագրատ Բադալյանը նշեց, որ դրա նպատակահարմարությունը կդիտարկվի, չնայած ճանապարհային անվտանգության տեսանկյունից միջպետական ճանապարհին չպետք է լինեն մեծ թվով շրջադարձեր։Նախարարի պաշտոնակատարը եղավ նաև Դիլիջանի թունելում, որը ծանրաքաշ ավտոմեքենայի` սեպտեմբերի վերջին տեղի ունեցած հրդեհի հետևանքով վնասվել է։ Հակոբ Արշակյանը զրուցեց թունելը սպասարկող ընկերության ղեկավարի և դիսպետչերական կայանի աշխատակիցների հետ, ծանոթացավ սպասարկման աշխատանքների ընթացքին։ Նա նշեց, որ հարկավոր է սպասարկումն այնքան կանխատեսելի ու համակարգված կազմակերպել, որ ցանկացած` նույնիսկ անսպասելի իրավիճակում թունելի աշխատանքը չխաթարվի։ Հակոբ Արշակյանը նաև ընդգծեց, որ հենց դիսպետչերական կայանի օպերատիվ արձագանքի շնորհիվ էր, որ ժամանակին ձեռնարկվեցին անվտանգության միջոցառումներ ու հրդեհի հետևանքով տուժածներ չեղան։Աշխատակիցները հայտնեցին, որ հրդեհից վնասված օդափոխության համակարգում որոշակի նորոգումներ են արվել, բայց առաջիկայում անհրաժեշտ է ժամանակավորապես փակել թունելը և հիմնանորոգել։ Պատահարի հետևանքով վնասվել է նաև թունելի լուսավորությունն ու մալուխային համակարգը։ Նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի հրդեհի հասցրած վնասների ամբողջ ծավալն ու կներկայացնի առաջարկություններ։Հակոբ Արշակյանը եղավ նաև Դիլիջանից Իջևան տանող հատվածում, որտեղ 7.4 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհին կատարվում են միջին նորոգման աշխատանքներ:Շրջայցի ավարտին նախարարի պաշտոնակատարն այցելեց Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման (Մ6) ավտոճանապարհի հիմնանորոգվող հատվածներ։Վանաձորից «Թումանյան» կայարան ձգվող 38,5 կմ ճանապարհահատվածում, որի հիմանանորոգումն իրականացվել է Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցներով, շինարարական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Ասֆալտապատումն ամբողջությամբ արված է։ Այս պահին ընթանում են ճանապարհի կահավորման և անվտանգության էլեմենտների տեղադրման աշխատանքներ։ Նախատեսվում է ճանապարհը վերջնական շահագործման հանձնել նոյեմբերի վերջին։ Այս հատվածում միաժամանակ աշխատում են 3 շինարարական կազմակերպություններ՝ «Արարատճանշին»,  «Ճանապարհ» և «Կապավոր» ընկերությունները։Ճանապարհի ամբողջ երկարությամբ կատարվել է ուսումնասիրություն, ինչի արդյունքում վտանգ ներկայացնող բոլոր տեղամասերում տեղադրվել են բետոնե պարապեդներ և արգելապատնեշներ։Կատարվել են նաև հենապատերի վերանորոգման և կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, մայթերի, գաբիոնային շարվածքով հենապատերի կառուցման, ջրագծերի տեղափոխման և վերակառուցման աշխատանքներ: Կառուցվել ու հիմնանորոգվել են ճանապարհահատվածի 3 թունելներն ու կամուրջները։Մ6 ավտոճանապարհի` «Թումանյան» կայարանից մինչև Բագրատաշեն հատվածում շինաշխատանքների մեկնարկը տրվել է այս տարվա մայիս-հունիս ամիսներին։ Այս հատվածում ծրագրի իրականացումը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի կողմից։ Ներկայում այստեղ իրականացվում են հողային աշխատանքներ և ասֆալտբետոնե հին ծածկի ֆրեզավորում։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարության

լրատվական ծառայություն

Վերանորոգվել է Արևշատ – Աբովյան ճանապարհի մոտ 1,5 կիլոմետրանոց հատվածը

Ավարտվել են Արևշատ-Աբովյան ճանապարհի մոտ 1,5 կիլոմետրանոց ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքները։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հրամանով ստեղծվել է ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողով, որի անդամները մանրամասն դիտարկել են կատարված աշխատանքները։Ճանապարհահատվածը վերականգնվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում, իսկ աշխատանքների պատվիրատուն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ն է: Ճանապարհահատվածի 1,3 կմ-ն անցնում է Արարատի մարզի Աբովյան, իսկ մոտ 200 մետրը՝ Արևշատ համայնքներով։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Արարատ ճանշին» ՍՊ ընկերությունը։ Կապալառու կազմակերպությունը վերականգնել է հողային պաստառը, ճանապարհային պատվածքը, փոխվել են ջրագծերը, տեղադրվել են ճանապարհային նշաններ և անվտանգության այլ էլեմենտներ, կատարվել են այլ աշխատանքներ։ Արևշատ գյուղական համայնքի ղեկավար Գոգոլ Նիկոլյանը նկատում է, որ համայնքում խորհրդային տարիներից ի վեր ճանապարհի վերականգնման աշխատանքներ չէին իրականացվել։ Կատարված աշխատանքների շնորհիվ համայնքի բնակիչների կյանքն ավելի բարեկեցիկ է դարձել, կարողանում են հեշտությամբ կապվել գլխավոր ճանապարհների հետ։ Աբովյան գյուղական համայնքի ղեկավար Ավետիք Հարությունյանը նշեց, որ իրենց համայնքի համար սա պատմական իրադարձություն է։ «Ամիսներ շարունակ համայնքի բնակիչները համագործակցել են շինարարների հետ, երբեմն էլ նախատեսվածից ավելին ենք խնդրել, շինարարներն աջակցել, արել են։ Շատ գոհ ենք կատարված աշխատանքների որակից։ Ավելի քան 30 տարի այստեղ ասֆալտապատման աշխատանքներ չէին կատարվել, ճանապարհները քանդված էին, մեքենաները շարքից դուրս էին գալիս, մարդիկ չէին կարողանում իրենց բերքը շուկաներ հասցնել, ուղևորատար տրանսպորտի հարցը չէինք կարողանում լուծել։ Հիմա արդեն բոլոր այս խնդիրները լուծվում են։ Այսինքն՝ ծրագրի անվանումը համապատասխանում է բովանդակությանը. այն ունի կենսական նշանակություն համայնքի համար»,- նշեց համայնքապետը։ Ճանապարհաշինական աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող «Տեքնիտալ» ընկերության խմբի ղեկավար Ֆրանչեսկո Բերտինին, խոսելով կատարված աշխատանքների որակի մասին, հավաստեց, որ ճանապարհի կառուցման ընթացքում բոլոր փուլերն անցել են՝ ենթարկվելով լաբորատոր փորձարկումների։ Եվ հաշվի առնելով, որ բոլոր թեստերը ցույց են տվել դրական արդյունքներ, պարոն Բերտինին նշեց, որ աշխատանքները կատարվել են բարձր որակով։Նշենք, որ ճանապարհն ընդունումից հետո մեկ տարի շարունակ կգտնվի երաշխիքային սպասարկման փուլում, և այդ ընթացքում հայտնաբերված թերությունները կապալառու կազմակերպությունը պարտավոր է վերացնել իր միջոցների հաշվին։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարության

լրատվական ծառայություն

 

Առանձնակի ուշադրություն է դարձվում ճանապարհաշինական աշխատանքների որակին

Ավարտվել են 2018թ. ծրագրով նախատեսված մի շարք ճանապարհահատվածների և օբյեկտների շինարարական աշխատանքները։ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանն աշխատանքային շրջայցի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձրել կատարված աշխատանքների որակին։Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ավտոճանապարհի 28-33-րդ կմ հատվածի հիմնանորոգման մեկնարկը տրվել էր 2017թ. հոկտեմբերի 25-ին։ 5,12 կմ երկարությամբ ճանապարհահատվածն ամբողջությամբ նորացվել է։ Կատարվել են կողային առուների, կողնակների, իջատեղերի, մայթերի, ջրահեռացման վաքերի վերականգնման, երթևեկելի մասի ասֆալտապատման աշխատանքներ։ Տեղադրվել են արգելափակոցներ, ճանապարհային երթևեկության նշաններ, կատարվել են գծանշումներ։ Ճանապարհաշինական աշխատանքներն այս տեղամասում ավարտվել են սահմանված ժամկետում՝ 2018թ.  օգոստոսի 30-ին։Ավարտվել է նաև օգոստոսի 3-ին մեկնարկած՝ Բերքառատ համայնքով անցնող 3.42կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը։Կապալառու կազմակերպության պատասխանատուները, ներկայացնելով կատարված աշխատանքները, ընդգծել են, որ շինարարական բոլոր աշխատանքները կատարվել են նախագծին համապատասխան, և կազմակերպված աշխատանքի շնորհիվ կարողացել են ճանապարհահատվածը շահագործման հանձնել նախատեսված ժամկետից  շուտ։ Գոռ Ավետիսյանը այցելել է նաև Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական (Մ-3) ավտոճանապարհի  85,500 և 86,700 կմ  հատվածներ, որտեղ ավարտվել են 2 կամուրջների վերանորոգման աշխատանքները։ ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենը շինաշխատանքներն իրականացրած կապալառու կազմակերպությունների պատասխանատուների հետ քննարկումների ընթացքում ևս մեկ անգամ ընդգծեց շինարարության բարձր որակ ապահովելու անհրաժեշտությունը:  Սահմանված կարգի համաձայն՝ հիմնանորոգված, նորոգված բոլոր ճանապարհներն ու կառույցները շահագործման հանձնվելուց հետո 3 տարի կգտնվեն երաշխիքային ժամկետի մեջ։ Այդ ընթացքում ի հայտ եկած ցանկացած թերություն շինարարները պարտավոր են շտկել իրենց ուժերով և միջոցներով։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարության

լրատվական ծառայություն

 

 

Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհի որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն

Նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ից կփակվի Երևան-Սևան-Իջևան (Մ-4) միջպետական ճանապարհի 32,600-րդ-ից մինչ 36,000-րդ կմ հատվածի և 64,174-րդ-ից մինչև 67,150-րդ կմ հատվածի աջակողմյան երթևեկությունը։ Նորոգման աշխատանքները կընթանան հատվածաբար՝ աջակողմյան ճանապարհահատվածի նորոգման ավարտից հետո աշխատանքները կընթանան երթևեկելի գոտու ձախակողմյան մասում։Համապատասխանաբար, յուրաքանչյուր հատվածի հիմնանորոգման ընթացքում երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի հանդիպակաց գոտի։ Նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ից մասնակի կփակվի նաև նույն ճանապարհի՝ Հովք համայնքին հարող 110,900-րդ կմ-ից մինչև 118,300-րդ կմ հատվածը։Աշխատանքները կավարտվեն պայմանագրով նախատեսված ժամկետում:

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարության

լրատվական ծառայություն

Վարդենիս-Սոթք ճանապարհահատվածի հիմնանորոգումը շարունակվում է

Մարտունի-Վարդենիս-ԼՂՀ սահման միջպետական ավտոճանապարհի (Մ-11)  Վարդենիս-Սոթք (38-43-րդ կմ) հատվածում սեպտեմբերի 11-ից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։

«Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել է շինարարական տեղամաս, տեղում  ուսումնասիրել  կատարվող աշխատանքները։

Ճանապարհահատվածը հիմնանորոգող  «Կապավոր» ընկերության պատասխանատուները ներկայացրել են աշխատանքների ընթացքը։ Նշվել է, որ  արդեն իսկ կատարվել է հիմնանորոգման ընդհանուր ծավալի հողային աշխատանքների 40%-ը, նորոգվել է արհեստական կառուցվածքների 70%-ը, դրան զուգահեռ, գոյություն ունեցող ասֆալտբետոնե  պատվածքի վերաօգտագործման սառը վերամշակման եղանակով  ընթանում  են նաև ասֆալտապատման աշխատանքներ։ Ճանապարհային պատվածքի ներքին շերտի 68% և վերին շերտի 40% ասֆալտապատումն արդեն կատարված է:

Գոռ Ավետիսյանը կապալառու ընկերության պատասխանատուների հետ քննարկել  է շինարարության ընթացքի, ժամկետների  հետ կապված մի շարք հարցեր։Հանձնարարվել է  առավելագույն ուշադրություն դարձնել հատկապես իրականացվող աշխատանքների որակին։ 5 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը, ըստ պայմանագրի,  նախատեսված է ավարտել դեկտեմբերի 10-ին։ Սակայն շինարարները փաստում են, որ նոր տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն կտա այն ավարտել ժամկետից շուտ՝ ապահովելով շինարարության բարձր որակը։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների

նախարարության լրատվական ծառայություն