Քննարկվում են Արևելյան գործընկերության երկրների առաջնային ենթակառուցվածքային ծրագրերը

By | 10.04.2019 16:48
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը Բրյուսելում մասնակցում է ԵՄ Արևելյան գործընկերության Տրանսպորտային հարցերով պանելի հերթական` 16-րդ նիստին։
Ներկայացուցչական այս միջոցառմանը ներկա են Եվրոպական հանձնաժողովի, Արևելյան գործընկերության երկրների, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ, ինչպես նաև կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, ոլորտային քաղաքականություն մշակող մասնագետներ, ներդրողներ։
Քննարկվող հարցերը ներառում են Արևելյան գործընկերության երկրների առաջնային ենթակառուցվածքային ծրագրերը, ընդլայնված Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցը (TEN-T), դրա զարգացմանն ուղղված ներդրումային հնարավորությունները, ներդրումային գործողությունների ծրագիրը, ինչպես նաև հունիսի 6-ին Լյուքսեմբուրգում կայանալիք Արևելյան գործընկերության Տրանսպորտային հարցերով նախարարական հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
Հանդիպման շրջանակներում Արևելյան գործընկերության երկրները կներկայացնեն տրանսպորտային քաղաքականության բնագավառում իրենց երկրներում կատարված բարեփոխումները, կքննարկվեն նաև ճանապարհային անվտանգության հետ կապված մի շարք հարցեր։