Տրվել է ճանապարհաշինական ծրագրերի մեկնարկը. շինարարական կազմակերպությունների ղեկավարներն ստացել են խիստ հանձնարարականներ

By | 16.05.2019 19:53
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը հանդիպել է նախարարության ծրագրերով ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում նշվել է, որ արդեն մեկնարկել են ՀՀ պետական բյուջեի շրջանակներում իրականացվող հիմնանորոգման, միջին նորոգման, ինչպես նաև Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրով» կատարվող ճանապարհաշինական աշխատանքների զգալի մասը:
Նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը հատկապես կարևորել է որակի, ժամկետների հետ կապված մի շարք հարցեր: Նա նշել է, որ որակի հսկողությունը լինելու է խիստ, պայմանագրով սահմանված ժամկետների խախտումներն՝ անթույլատրելի:
Նա ընդգծել է, որ ոչ թե աշխատանքների վերջում, այլ դրանց ընթացքում, պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող ժամանակացույցով են հետևելու շինարարական աշխատանքների առաջընթացին։ Դրանից զգալի շեղման պարագայում  տրվելու է  ողջամիտ ժամկետ այն շտկելու համար, հակառակ դեպքում տվյալ կազմակերպության հետ կխզվի պայմանագիրը՝ համապատասխան ֆինանսական հետևանքների կիրառմամբ։
Անդրադարձ է կատարվել նաև այն կապալառու կազմակերպություններին, որոնք նախարարության հետ կնքել են մի քանի ճանապարհաշինական պայմանագրեր: Այդ կազմակերպությունների պատասխանատուների հետ ևս մեկ անգամ քննարկվել է աշխատանքները որակով և ժամանակին իրականացնելու նախարարության պահանջը:
Բագրատ Բադալյանն ընդգծել է, որ բարձրացվել են նաև նախագծերի կատարման նկատմամբ նախարարության պահանջները։ Որակապես բարելավված նախագծերը պետք է ապահովեն համապատասխան ստանդարտների, նոր մոտեցումների և նախագծային լուծումների կիրառումը, որը կհանգեցնի աշխատանքների որակի բարձրացմանը։
Նախարարի տեղակալի խոսքով՝ աշխատանքային նոր ստանդարտների, նոր մշակույթի ներդրումը շինարարության ընթացքում պետք է տեսանելի և շոշափելի լինի։
Շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին հանձնարարվել է նաև շինարարության ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել անվտանգ երթևեկության կազմակերպմանը և ապահովմանը։
Բագրատ Բադալյանը տեղեկացրել է, որ 2019թ. նախագծերը լրացուցիչ փաթեթով  գտնվում են ամփոփման փուլում: Նա մեկ անգամ ևս հորդորել է, որպեսզի մրցույթներին մասնակցելու համար դիմեն միայն նրանք, որոնց կարողությունը թույլ է տալիս ստանձնած պարտավորության ծավալով և սահմանված որակով իրականացնեն աշխատանքները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ կապված հայտարարված մրցույթների ժամկետների, նախագծող և պատվիրատու կազմակերպությունների պարտավորությունների վերաբերյալ։
Բարձրացված բոլոր հարցերին տրվել են հանգամանալից և սպառիչ պատասխաններ։